Նորություններ

whatsapp-image-2026-02-27-at-233547_gp9o_.jpeg
04 03 2026

«Լույսին, լույսով»․ 27 տարվա դադարից հետո ՀՊԿՆ-ի համերգը Լիբանանում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Լիբանանյան հյուրախաղերի շրջանակում փետրվարի 27-ին ելույթ է ունեցել Բեյրութի Ամերիկյան համալսարանի հանդիսասրահում՝ լիբանանյան հանդիսատեսին ներկայացնելով հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

27 տարվա ընդմիջումից հետո Նվագախումբը Լիբանանում ելույթ է ունեցել շուրջ 750 հանդիսատեսի առջև՝ «Լույսին, Լույսով» խորագիրը կրող բացառիկ համերգով, որը կրում էր միասնության, հույսի և հոգևոր վերածննդի ուղերձ՝ վերածվելով արվեստի և ինքնության, հիշողության և ապագայի լուսավոր հանդիպման։

Երեկոն ղեկավարել է բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը։ Մենակատարներն էին լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը և բրիտանահայ դաշնակահարուհի Մարիա Պալազյանը։

Ծրագիրն ընդգրկում էր ծաղկաքաղ հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարներից։ Հնչել են Էդվարդ Միրզոյանի «Տոնական վալսը», Ռոբերտ Ամիրխանյանի «Տղամարդիկ» ֆիլմի երաժշտությունը, Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը», ինչպես նաև Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջիոն» և «Դիմակահանդես» դրամատիկական երաժշտությունից «Վալսը»։

Օպերային հատվածում հնչել են Արդիտիի, Լեհարի, Տիգրանյանի, Պուչինիի, Էնդրյու Լլոյդ Ուեբերի և Ջերոմ Քերնի արիաները, ինչպես նաև Սարյանի, Ալեսի, Ալյաբևի և Ազնավուրի ռոմանսները։ Հայրենասիրական երգերը՝ «Հայաստանը», «Երևանը», «Էրեբունի-Երևան» և եզրափակիչ «Կիլիկիա»-ն, կատարվել է ամբողջ դահլիճի միասնական երգեցողությամբ՝ վերածվելով միասնության հուզիչ խորհրդանիշի։

Միջոցառմանը ներկա էին խորհրդարանի անդամներ, Լիբանանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, դիվանագետներ ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից և Հայաստանից, հոգևոր հայրեր, ինչպես նաև քաղաքական և մշակութային գործիչներ։

Համերգն ամբողջությամբ ձայնագրվել է MTV Լիբանանի կողմից և կհեռարձակվի լայն լսարանի համար։

Համերգից հետո նվագախումբը ստացել է բազմաթիվ հրավերներ և համագործակցության առաջարկներ թե՛ Լիբանանում, թե՛ արտերկրում, ինչը վկայում է, որ այս միջոցառման ազդեցությունը դուրս է եկել մեկ համերգասրահի սահմաններից և վերածվել է մշակութային նոր կամուրջների ձևավորման իրական հնարավորության։

Հյուրախաղերի շրջանակում փետրվարի 27-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Լիբանանի համազգային վարչության անդամների և համերգի կազմակերպիչների ուղեկցությամբ, այցելել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Անթիլիասի Մայր Աթոռ՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն։ Նվագախմբի անդամները հանդիպել են Նորին Սրբություն Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին և ստացել նրա հայրապետական օրհնությունը։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը ընդգծել է մեր մշակութային արժեքները ամուր պահելու, դրանք առավել հարստացնելու և լայնորեն տարածելու կարևորությունը։

 «Մեր բոլոր մշակութային հաստատությունները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, հանձնառու են այս առաքելությանը։ Այս առումով կարևոր է, որ մեր ժողովրդի զավակները գործուն աջակցություն ցուցաբերեն բոլոր այն կառույցներին, որոնք աշխատում են մեր մշակութային առաքելության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ»,-նշել է Նորին Սրբությունը և ստեղծագործական հաջողություններ մաղթել Նվագախմբին։

Հյուրախաղերը կազմակերպվել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, ՀՊԿՆ-ի և Լոնդոնի KCCA (Քլինգեն երգչախումբ և մշակութային ասոցիացիա) կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ՝ Լիբանանի համազգային վարչության հրավերով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


Поделиться
Класс