«Երվանդ Երկանյան – 75». հոբելյանական երեկո
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի երկարամյա գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Երվանդ Երկանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ։
Երեկոյին մասնակցել են «Գեղարդ» երգեցիկ խումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը, ինչպես նաև Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ։
Համերգի սկզբում շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։ Նա բարձր է գնահատել Երվանդ Երկանյանի ավանդը հայ երաժարվեստում՝ առանձնահատուկ ընդգծելով նրա երկարամյա գործունեությունը որպես «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և կարևոր դերը համույթի 45-ամյա գործունեության մեջ։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի անունից տնօրենը կոմպոզիտորին հանձնել է «Կոմիտաս» հուշամեդալը՝ Հայաստանում կամերային երաժշտության զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
«Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորել է իգական երգչախմբերի համար Երկանյանի գրած ստեղծագործությունները և դրանց նշանակությունը հայ խմբերգային արվեստում։ Նա նաև ընդգծել է, որ կոմպոզիտորն իր ստեղծագործություններում շարունակել է Կոմիտասի և Մակար Եկմալյանի ավանդույթները՝ նորովի ներկայացնելով հայ միջնադարյան երաժշտության արտահայտչամիջոցները։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Գայանե Սահակյանն ընդգծել է կոմպոզիտորի երաժշտության ազգային ինքնությունն ու հոգևոր խորությունը՝ նշելով, որ նրա ստեղծագործությունների կատարումը մշտական բացահայտումների հնարավորություն է և կատարողից պահանջում է անկեղծություն ու բարձր նվիրում։
Համերգային ծրագրում ընդգրկված էին Երվանդ Երկանյանի հեղինակային ստեղծագործությունները, հայ միջնադարյան հոգևոր և ժողովրդական երգերի նրա մշակումները։ Հնչել են Սբ. Ներսես Շնորհալու և Սբ. Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների մշակումներ, «Նավզիկե», «Ցայգալույսին», «Մասրենի», «Աշնան ծաղիկներ», «Ավետում» ստեղծագործությունները, հատվածներ «Վեց խոհախրատական հայրեններ» խմբերգաշարից և «Իրիկնային ղողանջներ» վոկալ շարքից, ինչպես նաև «Պարերգ Մուսալեռան» և այլ ժողովրդական երգերի մշակումներ։
Համերգին որպես մենակատարներ հանդես են եկել Նելլի Քալաշյանը, Թերեզա Ոսկանյանը, Սեդրակ Երկանյանը, Լուսինե Մարկոսյանը, Հասմիկ Հարությունյանը և Իրինա Զաքյանը։