«Գերմանական բարոկից մինչև իսպանական հունչեր»՝ «Տաղարան» համույթի կատարմամբ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 24-ին կայացել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Գերմանական բարոկից մինչև իսպանական հունչեր» խորագրով համերգը։
Համույթը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ։
Երեկոյի մենակատարներն էին սոպրանո Լուսինե Առաքելյանը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Բավարիայի օպերային ակադեմիայի և Վիեննայի «Grand Voci» մենակատարների ծրագրի հրավիրյալ մեներգչուհի, դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանը՝ ՀՀ նախագահի մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր Շուշաննա Պուչինյանը։
Առաջին բաժնում հնչել են գերմանական բարոկկոյի երաժշտության նմուշներ՝ Բախի և Հենդելի ստեղծագործությունները, իսկ երկրորդ բաժնում ներկայացվել են իսպանական և լատինամերիկյան երաժշտության էջեր՝ Ալբենիսի, Սանդովալի, Գուաստավինոյի և Տորոբայի ստեղծագործություններով։
Համերգային երեկոն մեկ ծրագրում միավորել է տարբեր ժամանակաշրջանների և երաժշտական ավանդույթների ստեղծագործություններ՝ գերմանական բարոկից մինչև իսպանական և լատինամերիկյան հունչեր։