«Աշխարհի պարեր». ճանապարհորդություն ժողովուրդների մշակույթներով
Կոմիտասի անվան ազգային քառյակը և հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը մարտի 15-ին ներկայացրել են «Աշխարհի պարեր» խորագրով համերգային ծրագիրը։
Երեկոն վերածվել է երաժշտական յուրահատուկ ճանապարհորդության, որտեղ տարբեր ժողովուրդների մշակույթներն ու պարային ավանդույթները միավորվել են մեկ բեմում։
Հնչել են համաշխարհային դասական երաժշտության գոհարներ՝ Յոհաննես Բրամսի նրբագեղ վալսերը, Էդվարդ Գրիգի կախարդական «Անիտրայի պարը», Էնրիկե Գրանադոսի արևաշող «Անդալուզան», Մորիս Ռավելի հմայիչ «Հաբաներան», Իսաակ Ալբենիսի կրքոտ «Աստուրիասը», Բելա Բարտոկի կենդանի և գունեղ «Ռումինական պարերը», ինչպես նաև Գաբրիել Ֆորեի հայտնի «Պավանան»։
Ծրագրում ընդգրկված էին նաև Գրիգոր Առաքելյանի մշակումները՝ հնագույն հայկական պարեղանակ «Թռթռուկ», ճապոնական ժողովրդական երգ «Սակուրա», ինչպես նաև «Կոմիտաս-սկերցո» ստեղծագործությունը։ Ծրագրում տեղ էին գտել նաև Իգոր Ստրավինսկու «Ռուսական պարը» և նեոպոլիտանական տարանտելան։