Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի լարային նվագախմբի համերգը Կամերայինում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հուլիսի 13-ին կայացել է Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի լարային նվագախմբի համերգը՝ փոխգնդապետ Բաստիեն Ստիլի ղեկավարությամբ։
Համերգը կազմակերպվել էր Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի, «Էյր Ֆրանս» ընկերության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցությամբ։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ ընդգծելով հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության կարևորությունն ու երաժշտության՝ ժողովուրդներին միավորող ուժը։
Համերգային ծրագրում ընդգրկված էին Ժան-Բատիստ Դավոյի, Կամիլ Սեն-Սանսի և Միշել Լեգրանի ստեղծագործությունները։ Ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Կոմիտասի «Հայկական մեղեդիները», ինչպես նաև Շառլ Ազնավուրի անմահ երգերի՝ «La Bohème», «For Me… Formidable» և «Emmenez-moi» («Տարե՛ք ինձ») գործիքային մշակումները, որոնք հանդիսատեսին պարգևել են անմոռանալի երաժշտական ապրումներ։
Երեկոյի մենակատարն էր Ֆրանսիայում գործունեություն ծավալող, միջազգային ճանաչում ունեցող թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը։
Համերգի ավարտին որպես բիս հնչել է Գաբրիել Ֆորեի «Après un rêve» ստեղծագործությունը։