Նորություններ

img3479_EyhHe.jpg
03 08 2026

Օձունում կայացել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական 6-րդ փառատոնը 

Լոռու մարզի Օձուն գյուղում օգոստոսի 2-ին կայացել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական 6-րդ փառատոնը՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» խորագրով։

Այս տարի «Ճախրուկ» փառատոնին իր կարևոր մասնակցությունն է ունեցել նաև Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։ Համագործակցության շրջանակում համերգային ծրագիրն ապահովել են Կենտրոնի կազմում գործող Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը և Երևանի պետական կամերային երգչախումբը, որոնք «Ճախրուկ» փառատոնի մասնակիցների հետ հանդես են եկել համատեղ ելույթներով։

Երաժշտական կատարումներով հանդես է եկել նաև Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը։ Հնչել են Կոմիտասի ստեղծագործություններ, հոգևոր, օրորոցային և հայկական ժողովրդական երգեր՝ հանդիսատեսին փոխանցելով ազգային երաժշտական ժառանգության արժեքներն ու ներառականության գաղափարը։

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով, պարային և երաժշտական կատարումներով՝ ստեղծելով ջերմ, համախմբող և տոնական մթնոլորտ։ Մշակութային ծրագրի շրջանակում «Վանակն» ավանդական պարի խումբը ներկայացրել է ազգային պարային կատարումներ:

Միջոցառման ավարտին «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև փառատոնի կազմակերպման և իրականացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար Գարեգին Սարգսյանին հանձնվել է մրցանակ։

 Իր խոսքում Գարեգին Սարգսյանը շնորհավորել է «Ճախրուկ» փառատոնի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ այս գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

Ամփոփելով խոսքը՝ նա ևս մեկ անգամ վերահաստատել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի պատրաստակամությունը՝ մշտապես լինելու «Ճախրուկ» փառատոնի կողքին և աջակցելու դրա շարունակական զարգացմանը։


Поделиться
Класс
Լրահոս