Վիվալդիի կոնցերտի հայաստանյան պրեմիերան և Պերգոլեզիի «Ստաբատ Մատերը»՝ «Տաղարանի» կատարմամբ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 13-ին կայացել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը։
Համերգային ծրագրի առաջին բաժնում հնչել են Անտոնիո Վիվալդիի ստեղծագործությունները՝ հայաստանյան պրեմիերա «Կոնցերտ ֆագոտի և նվագախմբի համար, լյա մինոր»-ը և ջութակի և նվագախմբի համար սի մինոր կոնցերտը։
Համերգային երեկոյի երկրորդ բաժնում ներկայացվել է Ջիովաննի Բատտիստա Պերգոլեզիի հանրահայտ «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը՝ գրված միջնադարյան լատինական հոգևոր տեքստի հիման վրա։ Այս ստեղծագործությունը բարոկկո երաժշտության ամենահայտնի հոգևոր երկերից է, որն առանձնանում է խոր հուզականությամբ, դրամատիկ արտահայտչությամբ և նուրբ երաժշտական լեզվով։ Պերգոլեզին այն ստեղծել է կյանքի վերջին տարիներին, և մինչ օրս «Ստաբատ Մատեր»-ը շարունակում է մնալ համաշխարհային հոգևոր երաժշտության ամենասիրված ու ամենահաճախ կատարվող ստեղծագործություններից մեկը։
Համերգին մասնակցել են մենակատարներ սոպրանո Եվա Կարագյանը, մեցցո-սոպրանո Սյուզաննա Ավետիքյանը, միջազգային մրցույթի դափնեկիրներ՝ ջութակահար Քրիսթինե Չթչյանը և ֆագոտահար Զավեն Հարությունյանը։
Համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։