Վահագն Պապյանը նշանակվել է ՀՊԿՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Հայ անվանի դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում։
Վահագն Պապյանը նվել է 1956 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում։ Նրա հայրը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանը, և մայրը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ամալյա Բայբուրթյանը, մեծ ազդեցություն են ունեցել ապագա երաժշտի գեղարվեստական ձևավորման վրա՝ մանկուց նրան շրջապատելով արվեստի և մշակույթի մթնոլորտով։
Ստանալով հիմնարար երաժշտական կրթություն՝ նա ավարտել է Երևանի Պ․ Ի․ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ․ Ի․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ դաշնամուրի բաժնում, որտեղ կատարելագործել է իր կատարողական վարպետությունը և ձևավորվել որպես պրոֆեսիոնալ դաշնակահար։ Դիրիժորական արվեստի խորացված ուսումնասիրության նպատակով նա նաև ավարտել է Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ՝ Լենինգրադի) պետական կոնսերվատորիան՝ ստանալով դիրիժորի մասնագիտություն։
1984 թվականին հրավիրվել է որպես երկրորդ դիրիժոր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ (այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ)։ Կարճ ժամանակ անց նրա դիրիժորական տաղանդը լիովին դրսևորվեց, և 1987–1989 թվականներին նա ստանձնեց նվագախմբի ղեկավարումը՝ իրականացնելով մի շարք հաջողված համերգային ծրագրեր և զարգացնելով նվագախմբի ստեղծագործական գործունեությունը։
1990 թվականին տեղափոխվել է Իսրայել, որտեղ շարունակել է իր ակտիվ երաժշտական գործունեությունը։ Նա համագործակցել է երկրի առաջատար նվագախմբերի հետ՝ ելույթ ունենալով որպես դիրիժոր և դաշնակահար։ Նրա գործընկերների թվում են Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը և այլ հեղինակավոր երաժշտական կոլեկտիվներ։
1991 թվականից սկսած նա լայնորեն շրջագայում է աշխարհի տարբեր երկրներում՝ հանդես գալով ինչպես դաշնակահար, այնպես էլ դիրիժոր։ Նրա համերգային գործունեությունը ընդգրկում է Եվրոպայի, Ամերիկայի և այլ տարածաշրջանների բազմաթիվ բեմեր, որտեղ նա ղեկավարել է տարբեր սիմֆոնիկ նվագախմբեր և ներկայացրել բազմազան դասական ծրագրեր։
Երաժիշտը մասնակցել է նաև մի շարք հեղինակավոր միջազգային փառատոնների, որոնց թվում են ԱՄՆ-ում անցկացվող Caramoor Festival-ը, Ռումինիայում կազմակերպվող George Enescu Festival-ը, Ֆրանսիայի Saint-Denis Festival-ը, Մակեդոնիայի Ohrid Festival-ը և այլ երաժշտական միջոցառումներ։ Այս փառատոններում նրա ելույթները արժանացել են բարձր գնահատականի՝ ընդգծելով նրա վարպետությունը և երաժշտական խոր ընկալումը։
2006 թվականից նա հանդիսանում է Իսրայելի Աշդոդ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարներից մեկը՝ ակտիվորեն մասնասկցելով քաղաքի երաժշտական կյանքի զարգացմանը և իրականացնելով տարբեր համերգային ծրագրեր։
2008–2013 թվականներին նա գլխավորել է Ղազախստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Նրա ղեկավարության տարիներին նվագախումբը զգալիորեն ընդլայնել է իր երգացանկը և հանդես եկել մի շարք կարևոր համերգներով՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։
Տասնամյակներ շարունակ նա համատեղում է դիրիժորի և դաշնակահարի գործունեությունը՝ հանդես գալով միջազգային բեմերում և շարունակելով իր ներդրումը դասական երաժշտության տարածման և զարգացման գործում։ Նրա ստեղծագործական գործունեությունը ընդգրկում է հարուստ համերգային կյանք, համագործակցություն տարբեր երկրների նվագախմբերի հետ և մասնակցություն հեղինակավոր մշակութային միջոցառումներին։