Մամուլի ասուլիս․ մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնը
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնին։
Փառատոնի ծրագիրը, նպատակներն ու զարգացման ուղղությունները ներկայացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը։
Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, և կշարունակվի մինչև դեկտեմբերի 5-ը։ Համերգներ կանցկացվեն Երևանում, Կապանում և Չարենցավանում։
2022 թվականին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հիմնադրված փառատոնի առանցքային նպատակն է Վահագն Ստամբոլցյանի հիմնած հայկական երգեհոնային դպրոցի պահպանումը, զարգացումն ու շարունակականության ապահովումը։
Փառատոնի առաքելությունն ընդգրկում է Հայաստանում երգեհոնային արվեստի զարգացումն ու հանրահռչակումը, երիտասարդ սերնդի շրջանում դրա նկատմամբ հետաքրքրության խթանումը, հայկական հոգևոր, դասական և ժամանակակից երաժշտության տարածումը, ինչպես նաև հայկական երգեհոնային դպրոցի միջազգային ճանաչելիության բարձրացումը։
«Փառատոնի շնորհիվ Հայաստանը աշխարհում մեկ այլ բովանդակային ընկալում է ձեռք բերում՝ որպես երգեհոնային արվեստի տարածաշրջանային կենտրոն»,– նշել է Արմեն Սուքիասյանը։
Այս տարվա միջազգային հյուրերն են Նորվեգիայում բնակվող և ստեղծագործող, սերբական ծագմամբ երգեհոնահար և դաշնակահար Միլկիցա Ռադովանովիչը, շվեյցարացի անվանի երգեհոնահար, կոմպոզիտոր և մանկավարժ Գի Բովենը, ինչպես նաև ճապոնացի անվանի երգեհոնահար Հիրոկո Ինոյեն։
Ավանդույթի համաձայն՝ փառատոնը կբացվի Կոմիտասին նվիրված համերգով։ Ծրագրում կհնչեն հայկական հոգևոր երաժշտության նմուշներ, տարբեր սերունդների հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև Վահագն Ստամբոլցյանի կատարած երգեհոնային մշակումներ։
Փառատոնը նաև խրախուսում է ժամանակակից հայ կոմպոզիտորներին երգեհոնի համար նոր ստեղծագործություններ գրել՝ նպաստելով հայկական երգեհոնային գրականության հարստացմանը։
Այս տարվա ծրագրում նախատեսված է Մակար Եկմալյանի ծննդյան 170-ամյակին նվիրված համերգ, ինչպես նաև անդրադարձ կլինի Միքայել Թարիվերդիևի ծննդյան 95-ամյակին և երգեհոնային ժառանգությանը։ Դեկտեմբերի 5-ին փառատոնը կամփոփվի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 270-ամյակին նվիրված համերգով։
Փառատոնի կարևոր ուղղություններից է հայկական երաժշտության միջազգային հանրահռչակումը։ Հայաստան ժամանող արտասահմանցի երաժիշտները ծանոթանում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին և հայկական հոգևոր երաժշտության մշակումներին, որոնք հետագայում ներկայացնում են նաև միջազգային բեմերում։
Մարզային և կրթական ծրագրերը ևս փառատոնի կարևոր բաղադրիչներից են։ Համերգներն ու վարպետության դասերը նպաստում են մշակութային կյանքի ապակենտրոնացմանը, դասական երաժշտության տարածմանը և երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացմանը։