Նորություններ

photo-49-of-56_blbmz.jpg
18 09 2026

Հայ կոմպոզիտորների դաշնամուրային երաժշտության երեկո՝ անկախության օրվան ընդառաջ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 17-ին կայացել է հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների երեկո՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան ընդառաջ։

Մենահամերգային ծրագրով հանդես են եկել Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Ներսիսյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Իզաբելլա Մարությանը։

Համերգային երեկոն ընդգրկել է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի նշանավոր ներկայացուցիչների՝ Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Գագիկ Հովունցի ստեղծագործությունները։

Հնչել են Ղազարոս Սարյանի «Երեք պոստլյուդիան», Էդվարդ Միրզոյանի «Տոկատինան» և «Պոեմը», Ալեքսանդր Հարությունյանի ու Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները, ինչպես նաև Գագիկ Հովունցի «Մոնոգրամ» շարքից երկու պիես՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանին և Առնո Բաբաջանյանին։

Կատարվել են նաև Էդվարդ Միրզոյանի «Լեզգինկան»՝ պարային սյուիտից, Մարտին Վարդազարյանի՝ երկու դաշնամուրի համար կատարած փոխադրմամբ, և Ալեքսանդր Հարությունյանի ու Առնո Բաբաջանյանի «Հայկական ռապսոդիան»՝ երկու դաշնամուրի համար։

Ներկայացված կոմպոզիտորներից յուրաքանչյուրն իր նշանակալի տեղն ունի հայ երաժշտարվեստի պատմության մեջ։ Նրանց ստեղծագործական ժառանգությունը կարևոր դեր է ունեցել հայկական երաժշտական մշակույթի զարգացման և միջազգային հարթակներում դրա ներկայացման գործում՝ արժեքավոր ժառանգություն դառնալով նաև հաջորդ սերունդների համար։

Համերգավարն էր Օլյա Նուրիջանյանը։


Поделиться
Класс
Լրահոս