Նորություններ

photo-66_-X2DV.jpg
30 04 2025

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի եզրափակումը՝ Գաբրիել Ֆորեի «Ռեքվիեմով»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպած միջոցառումների եզրափակիչ համերգը՝  նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ 

Համերգն անցկացվել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և «Institut français d’Arménie» կազմակերպության հետ համագործակցությամբ:

Համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան  Օլիվիե Դըկոտինյին։

Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս միջոցառումները վերջին տարիներին վերածվել են երկամսյակի և դարձել սպասված իրադարձություն Հայաստանի մշակութային կյանքում՝ հարստացնելով այն նոր գույներով և գաղափարներով։ Նախարարի տեղակալը ընդգծել է, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվում՝ ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքում իր դիրքն ամրապնդելու և տեսանելիությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ամփոփելով խոսքը՝ նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և կազմակերպիչներին համերգն իրականություն դարձնելու համար։

Դեսպանն իր հերթին կարևորել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝  ֆրանկոֆոնիայի օրերն Հայաստանում անցկացնելու գործում։ Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի օրերի եզրափակիչ համերգին՝ Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս երկամսայկի ընթացքում ներգրավված են եղել ֆրանկոֆոնիայի օրերի շրջանկում կազմակերպված միջոցառումներում։ 

Երեկոյի ընթացքում հնչել են  Գաբրիել Ֆորեի   ստեղծագորոծությունները, այդ թվում՝ «Էլեգիա»,  «Նոկտյուրն Շայլոկ սյուիտից», «Պավանա», «Հոգևոր օրհներգ Ժան Ռասինի բառերով», և վերջում համերգը եզրափակվել է կոմպոզիտորի հանրահայտ «Ռեքվիեմով»։ 

Համերգին մասնակցությամբ հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը,  Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարներ՝ Էմանուել Շիմենտո (սոպրանո,Ֆրանսիա) և Աշոտ Ղանթարջյան (բարիտոն, Հայաստան)։ 

Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը (Գերմանիա)։


 


Поделиться
Класс