Նորություններ

img-23_yHFwg.jpg
01 05 2026

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին հնչել է «Կարմեն սյուիտը»

Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:

Երեկոյի առանցքում հանրահայտ «Կարմեն սյուիտն» էր՝ ստեղծված Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա և մշակված Ռոդիոն Շչեդրինի կողմից։ Ստեղծագործությունը հնչել է կրքոտ, դրամատիկ և գունեղ երանգներով՝ հանդիսատեսին տեղափոխելով իսպանական ոգեշնչմամբ լի երաժշտական աշխարհ։

Համերգային ծրագրում ընդգրկված էին նաև Սարասատեի, Ֆորեի և Ռավելի ստեղծագործությունները՝ ներկայացնելով ֆրանսիական և եվրոպական դասական երաժշտության բազմազանությունն ու նրբագեղությունը։

Երեկոյի մենակատարն էր Բելգիայում ստեղծագործող հայ ջութակահար Հրայր Կարապետյանը, ում կատարումն առանձնացավ զգացմունքային խորությամբ և կատարողական վարպետությամբ։

Համերգը ղեկավարել է Ֆրանսիայից հրավիրված դիրիժոր Ռալֆ Զիգետին՝ ստեղծելով ներդաշնակ և հմայիչ երաժշտական մթնոլորտ։

Համերգը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։

Համերգի հովանավորն էր Երևանի կոնյակի գործարանը՝ իր լեգենդար ARARAT կոնյակներով։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյան։


Поделиться
Класс