Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար
Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգաշարով սեպտեմբերի 21–24-ը հյուրախաղերով հանդես է եկել Հնդկաստանում՝ ելույթ ունենալով երեք քաղաքներում՝ Կալկաթայում, Նյու Դելիում և Չեննայում (պատմական Մադրաս)։
Համերգաշարը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին՝ Կալկաթայի հանրահայտ Վիկտորիա Մեմորիալում։ Այս պատմական հուշահամալիրում առաջին անգամ նման ձևաչափով՝ համերգային ծրագրով, հանդես է եկել Հայաստանից Հնդկաստան ժամանած նվագախումբ։
Համերգաշարի բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն ու Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի կառավարության բարեկեցության վարչության քարտուղար Սանջայ Բանսալը։
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հաջորդ կանգառը Նյու Դելին էր, որտեղ սեպտեմբերի 23-ին նվագախումբը հանդես է եկել հանրահայտ Լոտոսի տաճարի համերգասրահում։
Համերգի պաշտոնական ընդունելության ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի հարուստ մշակութային ավանդույթներին և պատմական ժառանգության նկատմամբ երկու ժողովուրդների խոր հարգանքին, ընդգծելով, որ տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները զարգացել են քաղաքական երկխոսության, պաշտպանության, առևտրի, կրթության, տեխնոլոգիաների, զբոսաշրջության և հատկապես մշակույթի ոլորտներում։
Ելույթով հանդես է եկել նաև Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևելյան հարցերով քարտուղար Ռուդրենդրա Տանդընը, կարևորել Հայաստանի և Հնդկաստանի դարավոր պատմամշակութային կապերը և դրանց հենքի վրա ձևավորված գործընկերության հետագա ամրապնդումը։
Համերգաշարի եզրափակիչ ելույթը կայացել է սեպտեմբերի 24-ին՝ Չեննայի՝ պատմական Մադրասի Երաժշտական ակադեմիայում։
Համերգի մեկնարկին ելույթներով հանդես են եկել Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը և Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոսը։
Հնդկաստանյան համերգներին ներկա են եղել մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, Հնդկաստանի պետական և մասնավոր կառույցների, փորձագիտական շրջանակների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նվագախմբի հնդկաստանյան հյուրախաղերի պատվիրակությունը գլխավորել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։ Համերգաշարի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սիփան Օլահն էր, որը հանդես է եկել նաև որպես տենոր մենակատար։ Համերգներին որպես մենակատարներ հանդես են եկել նաև Լիբանանից ժամանած սոպրանո Շողիկ Թորոսյանը, ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը և դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։ Ելույթներն արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Համերգային ծրագրում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Վաղարշակ Կոտոյանի, Շառլ Ազնավուրի, Էդվարդ Գրիգի, ինչպես նաև եվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հնդկաստանյան հյուրախաղերը դարձել են ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված նշանակալի մշակութային նախաձեռնություն՝ նպաստելով հայկական երաժշտարվեստի միջազգային ներկայացվածության ընդլայնմանը և հայ-հնդկական մշակութային կապերի ամրապնդմանը։
Համերգաշարը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ։