Նորություններ

dsc02974_s9Wmq.jpg
26 09 2025

Հայաստանի պետական կամերային նվագախմբի բացառիկ համերգը Փարիզի Մադլեն եկեղեցում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը սեպտեմբերի 25-ին Փարիզի Մադլեն եկեղեցում հանդես է եկել բացառիկ համերգով՝ «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրի շրջանակում ներկայացնելով բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը դարձավ առաջին հայաստանյան երաժշտախումբը, որը ելույթ է ունեցել Մադլեն եկեղեցում։

Համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը: Երեկոյին ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Մադլեն եկեղեցու լեփ-լեցուն սրահում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործություններ։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սիփան Օլահը, իսկ մենակատարներն էին՝ Հայարփի Եղիկյան (սոպրանո), Հակոբ Մուրադյան (հոբոյ) և Սոնա Բարսեղյան (դաշնամուր)։

Հայկական մշակույթին և երաժշտությանը նվիրված այս հիշարժան երեկոն կայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀԲԸՄ-Ֆրանսիայի և «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության աջակցությամբ։

Համերգին ներկա էին Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, ֆրանսիացի մշակութային և հասարակական գործիչներ, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:

 


Поделиться
Класс