Հայաստանի պետական կամերային երգչախումբն ամփոփեց տարին «Տոնական համերգ»-ով
Հայաստանի պետական կամերային երգչախումբը դեկտեմբերի 18-ին ներկայացրել է «Տոնական համերգ» խորագրով տարեվերջյան համերգը։
Համերգային ծրագիրը միավորում է հայկական հոգևոր և ժողովրդական երգարվեստի լավագույն էջերը՝ Կոմիտաս, Խաչատրյան, Ռոբերտ Մլքեյանի ժողովրդական երգերի մշակումներ և այլն։
Համերգը ղեկավարում էր Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։
Երեկոյի ընթացքում հանդես են եկել մենակատարներ Մավր Մկրտչյանը, Ռազմիկ Բաղդասարյանը, Աբել Աբելյանը, Վրեժ Ղարիբյանը, Սոֆյա Սայադյանը և Արամ Ավետիսյանը՝ ներկայացնելով բազմաժանր և տոնական տրամադրությամբ հագեցած ծրագիր։ Դաշնամուրային ուղեկցումն ու ստեղծագործությունների մշակումները իրականացրել էր Կարեն Անանյանը։
Համերգի ավարտին երգչախումբը հայ մեծանուն կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի նվագակցությամբ կատարել է նրա «Նոր տարվա հրաշքը» ստեղծագործությունը, որը հանդիսատեսի կողմից արժանացավ ջերմ ընդունելության, իսկ երկարատև ծափահարությունների շնորհիվ երգչախումբը Ռոբերտ Ամիրխանյանի հետ բեմ է վերադարձել և կատարել ևս մի քանի բիս։
Երեկոն կազմակերպվել էր երգչախմբի կազմավորման 25-ամյակի շրջանակում և դարձավ տարվա ավարտին նվիրված յուրահատուկ երաժշտական տոն։