Նորություններ

photo-64-1_e_qy1.jpg
11 02 2026

Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյա հոբելյանին

 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 10-ին տեղի է ունեցել բացառիկ համերգ՝ նվիրված հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյա հոբելյանին։

Համերգին ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Մխիթարյան միաբանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Համերգի մեկնարկին ելույթներով են հանդես եկել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին և Մխիթարյան միաբան Հայր Սերոբ Վարդապետ Չամուռլէանը։

Ալեսսանդրո Ֆերրանտին իր խոսքում նշել է, որ Հայաստանն ու Իտալիան այն երկու երկրներն են, որոնք, թեև ունեն տարբեր լեզուներ և մշակույթներ, միավորված են գիտության, իմաստության, հարգանքի և հոգևոր արժեքների ընդհանուր լեզվով՝ այն լեզվով, որի միջոցով մեր երիտասարդներին փոխանցվում է ավելի լավ ապագայի տեսլականը։

Նա ընդգծել է նաև, որ Հայաստանն ու Իտալիան ձեռք ձեռքի տված պահպանում և արժևորում են Մխիթար Աբբահոր թողած հարուստ ժառանգությունը։ Այդ ժառանգության կարևոր արտահայտչամիջոցներից մեկը երաժշտությունն է՝ լեզու, որն ունակ է հաղթահարելու բոլոր սահմանները և միավորելու Հայաստանն ու Իտալիան։

Հայր Սերոբ Վարդապետ Չամուռլէանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մխիթար Սեբաստացուն անդրադառնալու համար և ներկայացրել է նախաբան՝ համերգային ծրագրում ներառված ստեղծագորոծությունների վերաբերյալ։

Դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը ներկայացրել են հայկական հոգևոր երաժշտության բազմադարյա ժառանգությունը, որի առանցքում Մխիթար Սեբաստացու ստեղծագործական և մտավոր վաստակն է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մխիթար Աբբահայրը ոգեշնչվել և դաստիարակվել է հայ հոգևոր երաժշտության ավանդությամբ, համերգը մեկնարկել է Մաշտոցի, Շնորհալու և Նարեկացու տաղերով՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ՝ խմբավար Քրիստինա Ոսկանյան ղեկավարությամբ։

Հաջորդիվ, նվագախմբի և երգչախմբի կատարմամբ հնչել են Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև Մխիթարյան մեծանուն վարդապետների՝ Հ. Ղևոնդ Ալիշանի, Հ. Գաբրիել Այվազովսկու, Հ. Կարապետ Տէր Սահակեանի, Հ. Մեսրոպ Ճանաշյանի և Հ. Վահան Յովհաննէսեանի հայաշունչ ստեղծագործությունները՝ բացահայտելով հայկական հոգևոր երաժշտության խորությունն ու հայկական մշակույթի հարուստ ավանդույթը։

Ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները ներկայացվել են հատուկ կամերային երաժշտական կազմի համար կատարված մշակումներով և առաջին անգամ են հնչել լայն հանրության համար։

Համերգն իրականացվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։

 


Поделиться
Класс