Կոնստանտին Պետրոսյան-80․ հոբելյանական երեկո
Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 28-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացրել է անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Սուրբ Սահակ և Մեսրոպ» շքանշանակիր Կոնստանտին Պետրոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական հեղինակային համերգը։
Երեկոյի ընթացքում ներկայացվել է կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության տարբեր շերտերը՝ խմբերգային, ջազային և վոկալ-գործիքային երկերով։ Ծրագրում ընդգրկված մի շարք ստեղծագործություններ Հայաստանում բեմից հնչել են առաջին անգամ։
Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է «Հայրենի ղողանջներ» ժողովրդական երգերի մշակումների շարքը։ Հնչել է նաև Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի խոսքերով գրված «Տիրամայր» ստեղծագործությունը՝ սոպրանո Սոֆյա Մելքումյանի կատարմամբ և Նվարդ Ալոյանի դաշնամուրային նվագակցությամբ։ Առաջին անգամ կատարվել է նաև Կոնստանտին Պետրոսյանի՝ քառաձայն երգչախմբի համար գրված «Վոկալիզը»։
Ծրագրում ընդգրկվել էր նաև Սպիտակի երկրաշարժի տարիներին ստեղծված «Ազգ Հայկազյան» հայրենասիրական ստեղծագործությունը՝ Գևորգ Կարապետյանի խոսքերով։ Այն տարբեր տարիներին հնչել է արտերկրի մի շարք բեմերում, իսկ Հայաստանում համերգային բեմից ներկայացվել է առաջին անգամ։
Հոբելյանական համերգին մասնակցել են
- Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ,
- Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի ղեկավարությամբ,
- Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը՝ գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանի ղեկավարությամբ։
Որպես մենակատար հանդես են եկել Աննա Վարդազարյանը, Սոֆյա Մելքումյանը, Դանիել Մելքոնյանը, Տիգրան Հակոբյանը, Սամվել Գասպարյանը և Նելլի Մանուկյանը։ Համերգավարն էր Կարեն Քոչարյանը։
Երեկոյի ընթացքում Կոնստանտին Պետրոսյանին 80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական խոսք է հղել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը՝ Կոմպոզիտորների միության անունից նրան հանձնելով ոսկե մեդալ։
Հոբելյարին շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը՝ Արվեստի ինստիտուտի կոլեկտիվի և անձամբ իր անունից։
Երեկոն եզրափակվել է Կոնստանտին Պետրոսյանի այցեքարտը դարձած «Հայաստան» ստեղծագործությամբ՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ, իսկ դաշնամուրի մոտ՝ հոբելյարը՝ Կոնստանտին Պետրոսյանը։ «Հայաստան»-ը հնչել է որպես հայրենասիրական ոգու, ուժի և հպարտության երաժշտական արտահայտություն։