Կոմիտասի ստեղծագործությունները՝ Մավր Մկրտչյանի կատարմամբ
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 13-ին ներկայացրել է երգիչ Մավր Մկրտչյանի մենահամերգը՝ նվիրված Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններին։
Երեկոն վերածվել է խոր երաժշտական ապրումի՝ բացահայտելով Կոմիտասի ստեղծագործական ժառանգության նրբությունն ու խորիմաստ շերտերը։
Համերգային ծրագիրը մեկնարկել է «Տեր ողորմեա» ստեղծագործության ակապելլա կատարմամբ՝ առաջին իսկ պահից հանդիսատեսին տեղափոխելով Կոմիտասյան զգացմունքային ու հոգևոր աշխարհ։
Համերգային երեկոն Կոմիտասյան ոգով ամբողջացրել են Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ։
Համերգին ելույթներով հանդես են եկել նաև մենակատարներ՝ սոպրանո Սոֆյա Սայադյանը, սոպրանո Շուշանիկ Հովհաննիսյանը, բլուլահար Ավագ Մարգարյանը, ինչպես նաև դաշնակահարներ Կարեն Անանյանը և Հասմիկ Անտոնյանը, Կոմիտասի բանաստեղծություններն ասմունքել է Նարեկ Մարգարյանը։
Երեկոն եզրափակվել է Կոմիտասի «Հայաստան» ստեղծագործությամբ։
Համերգի ավարտին, որպես բիս, հնչել է «Լոռվա գութաներգ. Պռե գոմեշ»-ը՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: