Նորություններ

img-96_HicTM.jpg
07 12 2025

Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնը եզրափակվել է հանդիսավոր համերգով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի ամփոփիչ համերգը՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին։

Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ փառատոնի հաջող իրականացման առթիվ։

«Երեք տարի առաջ, երբ քննարկվում էր փառատոնի գաղափարը, շատ քչերն էին հավատում, որ այն կկայանա։ Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագերլ, որ փառատոնը կայացել է և դարձել ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը»։

Դանիել Դանիելյանը կարևորել է նաև փառատոնի շրջանակում մի շարք երկրներից անվանի երգեհոնահարներին հյուրընկալելումը, ինչպես նաև նրանց մասնակցությունը ՀՀ մարզերում կազմակերպվող համերգներին ՝ընդգծելով, որ մշակութային կյանքի ապակենտորոնացումը պետական քաղաքկանության կարևոր ուղղություններից է:

Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել հայկական երգեհոնային դպրոցի տարբեր սերնդի ներկայացուցիչներ, սկսած այն երաժիշտներից, որոնք նոր են բացահայտում երգեհոնի բարդ ու գեղեցիկ աշխարհը՝ Դավիթ Հովհաննիսյան, Արմեն Բաբայան, մինչև հայկական երգեհոնային դպրոցի լավագույն ներկայացուցիչներ, ովքեր շարունակում են Վահագն Ստամբոլցյանի գործը՝ Աննա Բակունց, Կարինե Հովհաննիսյան, Լուսին Սարաջյան, Աննա Առուստամյան։

Երգեհոնհարների հետ հանդես են եկել նաև հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը, սոպրանո Նելլի Քալաշյանը և հոբոյահար Տիգրան Վարդանյանը։

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ 2022 թվականից՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ:


Поделиться
Класс