Երգեհոնահար Հարություն Թագվորյանի մենահամերգը՝ բարոկկո երաժշտության գլուխգործոցներով
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հուլիսի 21-ին կայացել է ճանաչված երգեհոնահար Հարություն Թագվորյանի մենահամերգը։ Երեկոյին որպես հյուր-կատարողներ մասնակցել են նաև սոպրանո Նելլի Գասպարյանը և քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը։
Համերգային ծրագրում ընդգրկված էին բարոկկո երաժշտության նշանավոր հեղինակների՝ Նիկոլաուս Բրունսի, Ջիրոլամո Ֆրեսկոբալդիի, Դիտրիխ Բուքստեհուդեի, Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի, Տոմազո Ալբինոնիի, Անտոնիո Վիվալդիի և Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները՝ ներկայացնելով եվրոպական երգեհոնային արվեստի տարբեր ոճական ուղղություններն ու երաժշտական ավանդույթները։
Համերգի ընթացքում հնչել են Պերգոլեզիի «Stabat Mater» ստեղծագործությունից «Vidit suum» արիան՝ Նելլի Գասպարյանի կատարմամբ, ինչպես նաև Ալբինոնիի հանրահայտ «Ադաջիոն»՝ քանոնի և երգեհոնի համադրությամբ՝ Մարիաննա Գևորգյանի մասնակցությամբ։
Երեկոն հանդիսատեսին հնարավորություն է ընձեռել ունկնդրելու բարոկկո երաժշտության լավագույն էջերը՝ մեկ բեմում համադրելով երգեհոնային, վոկալ և ազգային գործիքային արվեստի նուրբ ու ներդաշնակ հնչողությունը։