Նորություններ

photo-1224-34jpg_AWyyR.jpeg
09 03 2026

Բարոկկո երաժշտություն և Բախ՝ Աննա Բակունցի մենահամերգին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգեհոնային համերգները մշտապես սպասված իրադարձություն են։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երգեհոնահարները տարվա ընթացքում մեկ անգամ հանդես են գալիս մենահամերգներով։ 2026 թվականի մարտի 7-ին տարվա առաջին մենահամերգով հանդիսատեսի առջև հանդես է եկել սիրված երգեհոնահար Աննա Բակունցը։

Երեկոն նվիրված էր գերմանական բարոկկո երգեհոնային արվեստին։ Ծրագրում ներկայացված էին 17-18-րդ դարերի նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք կարևոր դեր են ունեցել եվրոպական երգեհոնային դպրոցի ձևավորման մեջ և այսօր էլ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում համաշխարհային երաժշտական ժառանգության մեջ։

Համերգի ընթացքում հնչել են Դիտրիխ Բուքստեհուդեի, Յոհան Պախելբելի, Յոհան Լյուդվիգ Կրեբսի, Վինսենթ Լյուբեկի, Յակոբ Պրետորիուսի, Ֆրիդրիխ Վիլհելմ Զախովի, Նիկոլաուս Բրունսի և Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները։

 Ծրագրում ընդգրկված էին երգեհոնային արվեստին բնորոշ բազմազան ժանրեր՝ պրելյուդներ, ֆուգաներ, խորալային պրելյուդներ և տոկատներ, որոնք ամբողջությամբ բացահայտում էին երգեհոնի հարուստ և բազմերանգ հնչողությունը, ինչպես նաև գերմանական բարոկկո երաժշտության խորությունն ու վեհությունը։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել լսելու նաև Յոհան Սեբաստիան Բախի «Երգեհոնային մեսսայից» հատված, ինչպես նաև նրա հայտնի պրելյուդն ու ֆուգան մի մինորում (BWV 548)։

Համերգի ավարտին որպես բիս հնչել է Կոմիտասի «Տէր, ողորմեա՛»-ն։


Поделиться
Класс