Նորություններ

hayastanum-nsvel-e-arvesti-hamasxarhayin-or_6IyTq.png
16 04 2026

Բազմաբնույթ մշակութային միջոցառումներով Հայաստանում նշվել է Արվեստի համաշխարհային օրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին Հայաստանում բազմաբնույթ մշակութային միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրը։

Տոնական օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում իրականացվել է բազմաժանր մշակութային ծրագիր՝ միավորելով հանրապետության առաջատար մշակութային և կրթական հաստատությունները, երիտասարդ ստեղծագործողներին և արվեստասեր լայն հանրությանը։

Միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Գեղագիտական ազգային կենտրոնը, ինչպես նաև Theatre Location ստեղծագործական խումբը։ Ներկայացվել են կերպարվեստի, երաժշտության, պարի և թատրոնի բազմաբնույթ նախագծեր, իրականացվել են ինտերակտիվ արվեստի նախաձեռնություններ և բացօթյա մշակութային ակցիաներ։

Ծրագրին մասնակցել են նաև «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի մասնակիցները, ինչպես նաև Karishok նախագծի հեղինակ Կարինե Դուլյանը՝ ներկայացնելով ժամանակակից արվեստի ձևաչափեր։

Արտաշատ քաղաքում միջոցառումներին մասնակցել են «Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ը, «Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոն» ՀՈԱԿ-ը, «Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը, «Նազ-Նար» ազգագրական երգի համույթը, «Նոր գույներ» պարային համույթը և «Ինդիգո» արվեստի կենտրոնը՝ ներկայացնելով նկարչական աշխատանքներ, երաժշտական և պարային կատարումներ, ինչպես նաև ասմունք։

Վանաձոր քաղաքում ներկայացվել է «Անուշ» մյուզիքլը՝ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ–մասնագիտական արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ, որն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Արվեստի համաշխարհային օրը եզրափակվել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգով, որի շրջանակում ներկայացվել են բարոկո և ռոմանտիկ երաժշտության բարձրարժեք կատարումներ։

Արվեստի համաշխարհային օրվա միջոցառումները ևս մեկ անգամ ընդգծել են արվեստի կարևոր դերը հասարակության մշակութային կյանքի զարգացման գործում՝ նպաստելով ստեղծագործական ինքնարտահայտմանը, միջմշակութային երկխոսությանը և երիտասարդ սերնդի ներգրավվածությանը արվեստի տարբեր ոլորտներում։


Поделиться
Класс