Նորություններ

photo-55-of-122jpg__i-nv.jpeg
11 03 2026

Անվանի դիրիժոր Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 11-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված հայ անվանի դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանի՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակմանը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նվագախմբի առաջիկա ծրագրերը, ստեղծագործական նոր ուղղությունները և համագործակցության հեռանկարները։

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը և Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի ղեկավար Ֆելիքս Բաբուրյանը։

Ասուլիսի մեկնարկին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախ շնորհավորել է Վահագն Պապյանին, ԿԵԱԿ-ի անձնակազմին, Հայաստանի պետական կամերային նվագախմբին նոր նշանակման կապակցությամբ։

Նրա ընդգծմամբ՝ մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունենում. Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը տարիների դադարից հետո վերջապես ունի մշտական դիրիժոր և գեղարվեստական ղեկավար:

«Շնորհակալ ենք պարոն Պապյանին այս բարձր պատասխանատվությունը ստանձնելու համար, առջևում շատ աշխատանքներ և մեծ ակնկալիքներ կան: Դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը մեր լավագույն երաժիշտներից է, որը երկար տարիներ հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում և բազմաթիվ ծրագրեր իրականացրել Հայաստանում: Այս կարևոր իրադարձությունը նաև առիթ է խոսելու նվագախմբի առաջիկա գործունեության և զարգացման նոր հեռանկարների մասին: Հայաստանի պետական կամերային նվագախումբը վերջին տարիներին հյուրախաղային ակտիվ գործունեություն է իրականացնում արտասահմանում՝ հանդես գալով աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում և հարթակներում: Այս տարի, Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի շրջանակում նույնպես նախատեսված են հյուրախաղեր արտասահմանյան երկրներում: Բնականաբար, նվագախումբը կպահպանի և կակտիվացնի պետության համար կարևորագույն ուղղություններից ևս մեկը՝ մարզային գործունեությունը: Այս հանձնառությամբ նվագախումբը պարբերաբար որակյալ համերգներ և մշակութային ծրագրեր է ներկայացնում մարզերում: Հատկանշական է, որ մարզային հյուրախաղերով հանդես են գալիս ինչպես կամերային նվագախումբը, այնպես էլ նախարարության ենթակայությամբ գործող մի շարք այլ թատերահամերգային կազմակերպություններ: Այս տարի ևս մարզերում նախատեսված են մի շարք համերգներ»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ պետությունը քայլեր է ձեռնարկում անսամբլների գործունեությունը զարգացնելու ու որակապես բարձրացնելու ուղղությամբ։

Նախարարի տեղակալի ընդգծմամբ նվագախումբը շարունակելու է հավատարիմ մնալ իր հիմնական առաքելությանը՝ պահպանել, տարածել, հանրահռչակել հայկական երաժշտությունը Հայաստանում և արտերկրում։

Վահագն Պապյանը խոսել է իր տեսլականի, նվագախմբի զարգացման ռազմավարության, ինչպես նաև միջազգային և տեղական այն նախագծերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել առաջիկայում։

Խոսելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր դառնալու առաջարկն ընդունելու մասին՝ մաեստրոն նշել է, որ դրա համար եղել են երկու կարևոր պատճառներ։

«Առաջինը՝ այս նվագախմբի իրական արժեքը միշտ չէ, որ լիարժեք գնահատվում է։ Մինչդեռ այն շատ լավ, բարձրակարգ և որակյալ նվագախումբ է՝ լայն կատարողական հնարավորություններով։ Երկրորդը՝ այստեղ աշխատում են բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ, որոնց հետ հնարավոր է իրականացնել հետաքրքիր և բազմազան ծրագրեր»,- նշել է նա։

Պապյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել նվագախմբի կազմը՝ ներառելով նաև փողային գործիքներ, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել երկացանկը։

«Պատրաստում ենք հետաքրքիր ծրագրեր։ Կլինեն ինչպես հատուկ նախագծեր, այնպես էլ ավանդական ծրագրեր, որոնք բնորոշ են նվագախմբին։ Բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցնելու նաև հայկական երաժշտությունը՝ մեր կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններով»,- եզրափակել է մաեստրոն։

Հարցին, թե արդյոք կհամատեղի դիրիժորի և դաշնակահարի մասնագիտական ուղին, Պապյանը նշել է, որ դեռևս բավական ուժեր ունի և քանի դեռ կարող է՝ շարունակելու է նվագել՝ հավելելով, որ ծրագրում է նվագախմբի հետ հանդես գալ նաև որպես դաշնակահար, ինչը հետաքրքիր կլինի թե՛ իրեն, թե՛ երաժիշտներին։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի ղեկավար Ֆելիքս Բաբուրյանը տեղեկացրել է, որ նվագախումբը մաեստրո Վահագն Պապյանի ղեկավարությամբ կներկայացնի երեք համերգ՝ նվիրված Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին. առաջին համերգը կկայանա մարտի 11-ին, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նույն ծրագրով հաջորդ օրը համերգը կներկայացվի նաև Վանաձորում։

Նա նաև տեղեկացրել է, որ հետագայում նախատեսվում է ևս մեկ համերգ, որը կդառնա Ֆրանկոֆոնիայի ծրագրերի եզրափակիչ՝ երրորդ համերգը։ Բացի այդ, մաեստրո Պապյանի հետ արդեն մշակվում է նվագախմբի ամբողջ տարվա գործունեության ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ներկայացնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք նախկինում Հայաստանում չեն հնչել։

Ֆելիքս Բաբուրյանը հավելել է․ «Առաջիկա համերգային ծրագրերը դրանով չեն սահմանափակվելու․ մարտի 28-ին նախատեսվում է ևս մեկ համերգ՝ մաեստրո Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կհնչի Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները», մենակատարն է ճանաչված ջութակահար Դիանա Ադամյանը։ Համերգը նախատեսվում է ներկայացնել նաև Գյումրիում»։

Ասուլիսն ամփոփել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը՝ շնորհավորելով թե՛ ԿԵԱԿ-ի անձնակազմին, թե՛ Հայաստանի պետական կամերային նվագախմբին նոր նշանակման կապակցությամբ։

«Երկար ժամանակ նվագախումբը չուներ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար, սակայն այժմ կատարվել է կարևոր ընտրություն․ համագործակցությունը մաեստրո Վահագն Պապյանի հետ հնարավորություն կտա իրականացնել հետաքրքիր և բարձրարվեստ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,- նշել է Սարգսյանը։

Գարեգին Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Կամերային երաժշտության ազգային կենտրոնին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ նախարարության աջակցությամբ կենտրոնը համալրվել է նոր երաժշտական գործիքներով, ինչը մեծապես կնպաստի նվագախմբի կողմից ավելի լայնածավալ և բազմազան ծրագրերի իրականացմանը։


Поделиться
Класс