Ալեքսանդր Հարությունյան – 105. կամերային երաժշտության երեկո
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 14-ին կայացել է հոբելյանական համերգ՝ նվիրված անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 105-ամյակին։
Երեկոյի ընթացքում ներկայացվել են հայ դասական երաժշտության նշանավոր ներկայացուցչի կամերային ստեղծագործությունները, որոնք առանձնանում են խորքային արտահայտչականությամբ ևազգային երաժշտական մտածողությամբ։
Համերգին մասնակցել են դաշնակահարներ Արմինե Գրիգորյանը և Սոնա Բարսեղյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, կլարնետահար Ավետիք Ղազարյանը, ինչպես նաև հարվածային գործիքների կատարողներ Էդուարդ Պապոյանն ու Գիլլերմո Մասիա Սալոմը։
Համերգային ծրագրում ընդգրկված էին Ալեքսանդր Հարությունյանի Պոեմ-սոնատը ջութակի և դաշնամուրի համար, երկու դաշնամուրի համար գրված պիեսները, սյուիտը կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի համատեղ ստեղծագործություններից «Հայկական ռապսոդիան»՝ երկու դաշնամուրի համար, և «Տոնականը»՝ երկու դաշնամուրի և հարվածային գործիքների համար։