Ալեքսանդր Աճեմյան – 100. «Երգերի ընտրանի» ժողովածուի շնորհանդես-համերգ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ալեքսանդր Աճեմյանի «Երգերի ընտրանի» նոր ժողովածուի շնորհանդես-համերգը։
Միջոցառումը մեկնարկել է երաժշտագետ Նոնա Ոսկանյանի ներածական խոսքով, որը ներկայացրել է Աճեմյանի ստեղծագործական ուղին, երաժշտական արժեքներն ու թողած հարուստ ժառանգությունը։
Հաջորդիվ ժողովածուի հեղինակ և կազմող, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը խոսել է հավաքածուի ստեղծման պատմության ու նպատակի մասին՝ ընդգծելով Աճեմյանի երգարվեստի կարևորությունը մեր ազգային երաժշտական մշակույթում։
Երեկոյի ընթացքում Աճեմյանի հատընտիր երգերն են հանդիսատեսին ներկայացրել մենակատարներ Արթուր Իսպիրյանը, Արման Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը՝ կոնցերտմեյստերներ Նունե Արզումանյանի, Աննա Ղազարյանի, Ռուզաննա Գրիգորյանի նվագակցությամբ։
Ժողովածուն լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի երաժշտական ընկերության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համատեղ ջանքերով՝ Ալեքսանդր Աճեմյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։