«Tango Animal». ուրուգվայական «Բատիմենտո Դուո»-ի համերգը Երևանում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 4-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ուրուգվայական «Բատիմենտո Դուո» անսամբլի համերգը՝ «Tango Animal» խորագրով։
Երեկոյի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլին։ Դեսպանն ընդգծել է մշակութային համագործակցության կարևորությունը պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում և իր խորին շնորհակալությունն է հայտնել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ղեկավարությանը և ողջ անձնակազմին՝ համերգի կազմակերպման և ցուցաբերած աջակցության համար։
«Բատիմենտո Դուո»-ի երաժիշտներ Իգնասիո Կոռեան և Անդրես Ռեյը, որոնք առաջին անգամ էին այցելել Հայաստան, իրենց կատարումներում ներկայացրել են Ռիո դե լա Պլատայի տարածաշրջանի երաժշտական ավանդույթները՝ տանգոյի, վալսի և միլոնգայի ժանրերի ստեղծագործություններով։
Համերգային ծրագիրը հիմնված էր դուետի վերջին՝ «Tango Animal» ալբոմի ստեղծագործությունների վրա և ներառում էր նաև ուրուգվայցի հեղինակների երաժշտական գործեր, որոնք ստեղծվել են մինչև 1917 թվականը՝ արտացոլելով ուրուգվայական տանգոյի ձևավորման և զարգացման վաղ շրջանը։
Երաժիշտները Հայաստան էին բերել նաև «Ուրուգվայական տանգոներ» գիրքը, որը հրատարակվել է իսպաներեն, ճապոներեն և ռուսերեն լեզուներով։ Գրքում ներկայացված են տանգոյի պատմությունը, կիթառի դերն ու նշանակությունը, ինչպես նաև տարբեր գործիքավորումներ։
See less