«Տաղարան» համույթը բացառիկ համերգով հանդես է եկել Աթենքի կոնսերվատորիայում
«Տաղարան» համույթը բացառիկ համերգով հանդես է եկել Աթենքի կոնսերվատորիայում՝ ներկայացնելով բարոկկո և հայկական երաժշտություն
Հունաստանում ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Աթենքի կոնսերվատորիայում տեղի է ունեցել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի բացառիկ համերգը։
Համերգային ծրագիրն ընդգրկել է բարոկկո և հայկական երաժշտություն. հնչել են Հենդելի, Վիվալդիի, Պերգոլեզիի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական մեղեդիներ՝ ներկայացված ավանդական գործիքներով։
Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին, Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը, «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գարեգին Սարգսյանը։
Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Նախաձեռնությունը միտված է Հայաստան–Հունաստան մշակութային և կրթական կապերի խորացմանը։