«Վիվա Իսպանիա». սարսուելաներ
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացրել է իսպանական սարսուելաների երեկո՝ «Վիվա Իսպանիա» խորագրով։
Երեկոյի ընթացքում հնչել են Խերոնիմո Խիմենեսի, Մարիա Գրեվերի, Խոսե Սերրանոյի, Միգել Սանդովալի, Պաբլո Լունայի, Ռուպերտո Չապիի, Միգել Մարկեսի, Ֆեդերիկո Մոռենո Տորրոբայի, Ագուստին Պերեզ Սորիանոյի, Ամադեու Վիվեսի, Էնրիկե Գրանադոսի և այլ հեղինակների ստեղծագործություններ՝ համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի նոր մշակումներով ու գործիքավորումներով։
Համերգի ընթացքում իսպանական մեղեդիների և հայկական կատարողական վարպետության հրաշալի միախառնումն ապահովել են մենակատարներ՝ Լուսինե Մարկոսյան (մեցցո-սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր), Գայանե Ղամբարյան (սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր), Գալինա Ցոլակյան (սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր), Արամո Մամիկոնյան (տենոր), Հովսեփ Նշանյան (բարիտոն, Հանրապետական մրցույթների դափնեկիր), Եվա Գևորգյան (մեցցո-սոպրանո), ինչպես նաև «Այաս» պարային համույթը։