«Ռոմանոսը ձայնում է». սերունդների հանդիպում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Մարտի 12-ին կայացել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի «Ժողովրդական գործիքներ» բաժնի դասախոսների և ուսանողների համատեղ համերգը՝ «Ռոմանոսը ձայնում է» խորագրով։
Երեկոյի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, որի տարիների նվիրումը հայկական հնագույն և ժողովրդական երաժշտության պահպանման ու հանրայնացման գործում այս անգամ ևս միավորել էր տարբեր սերունդների երաժիշտների մեկ բեմում։
Համերգային ծրագրում հնչել են հայկական ժողովրդական և հեղինակային ստեղծագործություններ, որոնք հանդիսատեսին տեղափոխել են ազգային մեղեդիների բազմերանգ աշխարհ։ Կատարվել են Գևորգ Մանասյանի «Էրզրումի շորոր» և «Ռապսոդիա» գործերը, Խաչատուր Ավետիսյանի «Էքսպրոմտ», «Էլեգիա», ստեղծագործությունները, Գուսան Շահենի «Բինգյոլ» երգը, ինչպես նաև սիրված ժողովրդական երգեր ու պարեղանակներ՝ «Զեբագի», «Հով արեք, սարեր ջան», «Ծիրանի ծառ», «Քելեր, ցոլեր», «Զար զընգը», «Թամզարա» և այլ կատարումներ։
Երեկոյի ընթացքում հնչած ստեղծագործությունների մշակումներն ու գործիքավորումները հեղինակել է Սեդրակ Երկանյանը։