«Պոետի կյանքը». երաժշտական հարգանքի տուրք Միսաք Մանուշյանին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 30-ին Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու Ռոբերտ Ամիրխանյանը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ներկայացրել են բացառիկ համերգ։
Հնչել է կոմպոզիտորի «Պոետի կյանքը» կանտատը՝ նվիրված հայ բանաստեղծ, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակին՝ ընդգծելով հայ և ֆրանսիական մշակութային կապերի կարևորությունն ու պատմական հիշողության շարունակականությունը։
Ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 2015 թվականին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Երեկոյի մեկնարկին Ամիրխանյանը ներկայացրել է համերգային ծրագիրը և ընթերցել հատվածներ՝ իր խոսքով երեկոյին հաղորդելով առանձնահատուկ մտերմություն։
Ծրագրում կատարվել են «Պոետի կյանքը» կանտատի յոթ հատվածները՝ «Ես հայ եմ հին, ինչպես լյառն այս բիբլիական» (խոսք՝ Գ. Էմինի), «Հեյ, իմ Հայրենիք» (խոսք՝ Ռ. Ամիրխանյանի), «Ուր է տանում, արդյոք, քո դեգերուն քայլքն արյունոտ» (խոսք՝ Ռ. Ամիրխանյանի), «Դեպի Ֆրանսիա» (խոսք՝ Մ. Մանուշյանի), «Նամակ Մելինեին» (խոսք՝ Ռ. Ամիրխանյանի), «Հիմն դիմադրության շարժման» (խոսք՝ Մ. Մանուշյանի), «Ի հիշատակ դիմադրության հերոսների» (խոսք՝ Լուի Արագոնի)։
Համերգը հանդիսատեսին ներկայացրել է խորապես հուզիչ և գաղափարական առումով հագեցած երաժշտական ծրագիր՝ միավորելով պատմական հիշողությունը, դիմադրության ոգին և մշակութային երկխոսությունը։
Երեկոյի ավարտին, հանդիսատեսի խնդրանքով, որպես բիս հնչել է Ռոբերտ Ամիրխանյանի «Երազիր, իմ երկիր հայրենի» ստեղծագործությունը, որը կատարվել է առանձնահատուկ ոգևորությամբ՝ դառնալով համերգի հուզական և խորհրդանշական եզրափակիչը։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։