Նորություններ

48937573212370157282793804371247370233066001n_yIrRy.jpg
15 04 2025

«Հովեր» պետական կամերային երգչախմբի հյուրախաղերը Լեհաստանում

«Հովեր» պետական կամերային երգչախումբն ապրիլի 9-14-ը հյուրախաղերով Լեհաստանում էր՝ Օլշտինի Վարմինսկո-Մազուրսկա պետական ֆիլհարմոնիայի և վերջինիս նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի հրավերով։

Ապրիլի 10-ին Օլշտին քաղաքում կայացել է երգչախմբի մենահամերգը, որի ընթացքում լեհ հանդիսատեսին է ներկայացվել երկբաժին խմբերգային ծրագիր՝ ներառելով հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ծրագրում հնչել են Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Արզաս Ոսկանյանի, Երվանդ Երկանյանի, Աննա Ազիզյանի, Վաչե Շարաֆյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու և Յաակկո Մյանտյույարվի ստեղծագործությունները։ Համերգը ղեկավարել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։

Ապրիլի 12-ին Սբ․ Հակոբ կենտրոնական տաճարում Օլշտինի Վարմինսկո-Մազուրսկա պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ երգչախումբը ներկայացրել է Մոցարտի «Ռեքվիեմ»-ը՝ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ։

Երգչախումբը Լեհաստանում արժանացել է ջերմ ընդունելության. համերգներն անցել են լեփլեցուն դահլիճներում՝ մեծ գնահատանքի արժանանալով ինչպես երաժշտասեր հասարակության, այնպես էլ մասնագիտական շրջանակների կողմից։

Երգչախմբի հյուրախաղերը Լեհաստանում կայացել են «Կողբ» հիմնադրամի աջակցությամբ։


Поделиться
Класс