«Հովեր» երգչախումբը և կոնսերվատորիայի ուսանողները՝ մեկ բեմում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 31-ին Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կայացել է գեղեցիկ և բազմաժանր համերգ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ։
Ծրագրում հնչել են ֆրանսիական դասական երաժշտության լավագույն նմուշները՝ ներկայացված տարբեր կատարողական ձևաչափերով։
«Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ երգչախմբավար Սոնա Հովհաննիսյանի և կոնցերտմայստեր Տիգրան Մեսրոպյանի ղեկավարությամբ, ներկայացրել է Ֆրանսիս Պուլենկի «Գլորիա» ստեղծագործության I, II և III մասերը, ինչպես նաև Դարիուս Միյոյի «Բաբելոն»-ը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները հանդես են եկել բազմաժանր ծրագրով, որը ներառում էր ինչպես երգչախմբային հզոր կատարումներ, այնպես էլ լարային, կամերային անսամբլային, ակադեմիական երգեցողության և դաշնամուրային ելույթներ՝ բացահայտելով երիտասարդ կատարողների ստեղծագործական ներուժն ու վարպետությունը։