«Կոմիտաս» քառյակի համերգը՝ նվիրված Սամվել Մեսրոպյանի հիշատակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 29-ին կայացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը՝ նվիրված մշակութային գործիչ, քառյակի երկարամյա տնօրեն Սամվել Մեսրոպյանի հիշատակին։
Սամվել Մեսրոպյանը երկար տարիներ ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանի մշակութային կյանքում՝ կազմակերպելով և ղեկավարելով բազմաթիվ համերգային, փառատոնային և բարեգործական ծրագրեր Հայաստանում, Արցախում և արտերկրում։
2013 թվականից նա ղեկավարել է վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը՝ կարևոր ներդրում ունենալով քառյակի գործունեության, զարգացման և առաջընթացի գործում։ 2019 թվականին Սամվել Մեսրոպյանը պարգևատրվել է ՀՀ նախագահի Երախտագիտության մեդալով։
Նա իր մասնագիտական նվիրումով և մարդկային որակներով արժանի տեղ է զբաղեցրել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մեծ ընտանիքում։
Հիշատակի համերգի ծրագրում հնչել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Լարային կվարտետ №17-ը՝ մի բեմոլ մաժոր և Ալեքսանդր Բորոդինի Լարային կվարտետ №2-ը։
Համերգին ներկա էին Սամվել Մեսրոպյանի ընտանիքի անդամները։