«Կադանսը բաց երկնքի տակ»․ մեկնարկել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բացօթյա համերգաշարը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հունիսի 21-ին կայացել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բացօթյա համերգաշարի այս տարվա առաջին համերգը՝ «Կադանսը բաց երկնքի տակ» խորագրով։
Համերգի շրջանակում «Կադանս» անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի գլխավորությամբ, ներկայացրել է Աստոր Պիացոլայի, Վալտեր Ռիոսի և հայկական ժողովրդական ստեղծագործություններից կազմված ծրագիր։
Համերգին մասնակցել են դաշնակահար Սոֆի Միքայելյանը, ջութակահար Վարազդատ Խաչումյանը, ակորդեոնահար Բորիս Եգանյանը, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը և կոնտրաբասահար Գուրգեն Ամիրյանը՝ հանդիսատեսին ներկայացնելով տանգոյի, ժամանակակից և ժողովրդական երաժշտության հարուստ գունապնակը։
Բաց երկնքի տակ հնչող երաժշտությունը, Երևանի գիշերային մթնոլորտն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունը համերգը վերածել են յուրահատուկ մշակութային երեկոյի՝ ազդարարելով Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բացօթյա համերգաշարի մեկնարկը։