«Լուսե երգեր». պրեմիերա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Հայաստանի պետական կամերային երգչախումբը մարտի 10-ին ներկայացրել է «Լուսե երգեր» խորագրով համերգ՝ խորիմաստ և նուրբ երաժշտական ծրագիր, որը համադրում է ժամանակակից հայկական ստեղծագործություններն ու համաշխարհային դասական երաժշտության արժեքավոր էջերը։
Համերգային երեկոյի առանցքային իրադարձությունը կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի «Լուսե երգեր» խմբերգային շարքի պրեմիերան էր՝ ստեղծված Վահան Տերյանի հինգ բանաստեղծությունների հիման վրա։ Վահան Տերյանի բանաստեղծական խոսքի և երաժշտության այս զգայուն համադրությունը ձևավորել էր յուրահատուկ մթնոլորտ՝ բացահայտելով Տերյանական աշխարհընկալման լուսավոր, քնարական և ներհուն երանգները։
Ծրագրում ընդգրկված էր նաև Դավիթ Հալաջյանի «Երանի» ստեղծագործությունը թավջութակի համար՝ նվիրված Դավիթ Պետրոսյանի հիշատակին։ Համերգային երեկոն ամբողջացել է նաև համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր հեղինակների՝ Ջոն Թավեների, Յոհանն Սեբաստիան Բախի և Դյորդ Կուրտագի ստեղծագործություններով, որոնք ներկայացվել են բարձրարվեստ կատարումներով։
Համերգին մասնակցել են մենակատարներ՝ Գերմանիայից ժամանած թավջութակահար Միքայել Հախնազարյանը և սոպրանո Սոֆյա Սայադյանը։ Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։
«Լուսե երգեր» համերգային երեկոն դարձել է հիշարժան մշակութային իրադարձություն՝ առանձնանալով կատարողական բարձր մակարդակով և ստեղծելով խոր զգացմունքային ու լուսավոր երաժշտական մթնոլորտ։