
«Երևակայական Ֆոլկլոր». համերգ Միխայիլ Ալպերինի հիշատակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 8-ին տեղի է ունեցել «Երևակայական Ֆոլկլոր» խորագրով համերգ, որը նվիրված էր խորհրդային և նորվեգացի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Միխայիլ Ալպերինի հիշատակին։
Համերգի մեկնարկին «NOUMEN ART» փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գեորգի Դավիթաշվիլին և ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության փոխդեսպան Ռեբեկա Լին, անդրադառնալով երաժիշտ Միխայիլ Ալպերինին և նրա թողած հարուստ ժառանգությանը, կարևորել են նմանատիպ մշակութային միջոցառումների կազմակերպումը։
Վեց տաղանդավոր երաժիշտներ՝ Նորվեգիայից Էվելինա Պետրովա-Ալպերինը (ակորդեոն, վոկալ), Գերմանիայից Սիմոնա Վայսենֆելսը (դաշնամուր), Հայաստանից Արտո Թունչբոյաջյանը (մուլտի-ինստրումենտալիստ) և Արտյոմ Մանուկյանը (թավջութակ), ինչպես նաև Վրաստանից Ռեզո Կիկնաձեն (սաքսոֆոն) ու Գուրամ Մաճավարիանիին (կիթառ), համախմբվել էին մեկ հարթակում՝ ստեղծելու եզակի երաժշտական համադրություն։
Համերգի շրջանակներում զուգահեռաբար ներկայացվել է «ԱԲ-ֆանտազիաներ Փարաջանովի մասին» խորագրով ցուցադրությունը, որի հեղինակն է Ջորջիո դա Վիտան՝ Վրաստանից։
Միջոցառումն անցկացվել է NOUMEN ART Ժամանակակից փորձարարական և էթնո-ավանգարդ արվեստի XIV միջազգային փառատոնի շրջանակներում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ համատեղ և Թբիլիսիում Նորվեգիայի Թագավորության դեսպանության աջակցությամբ։