Նորություններ

photo-13_u8eeH.jpg
12 09 2026

«Բրամս և Չայկովսկի» համերգային ծրագրով մեկնարկել են ԿԵԱԿ-ի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2026–2027 համերգաշրջանները

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 11-ին կայացած «Բրամս և Չայկովսկի» համերգային ծրագրով մեկնարկել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2026–2027 համերգաշրջանները։

Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը։ Նա շնորհավորել է հանդիսատեսին և երաժիշտներին նոր համերգաշրջանի մեկնարկի առթիվ՝ մաղթելով ստեղծագործական ձեռքբերումներով և նշանակալի երաժշտական իրադարձություններով հագեցած տարի։

Վահագն Պապյանն իր խոսքում նշել է նաև, որ համերգը նվիրվում է նվագախմբի երկարամյա կոնտրաբասահար Արայիկ Խաչատրյանի լուսավոր հիշատակին՝ ընդգծելով նրա նշանակալի ներդրումը նվագախմբի ստեղծագործական կյանքում։

Համերգը ղեկավարել է Վահագն Պապյանը, մենակատարն էր՝ դաշնակահար Արմինե Գրիգորյանը։

 Համերգային ծրագրի առաջին մասում հնչել է Յոհաննես Բրամսի Դաշնամուրային կվինտետը ֆա մինոր, Op. 34։ Դաշնամուրային պարտիան կատարել է Արմինե Գրիգորյանը։

Երեկոյի երկրորդ մասում հնչել է Պյոտր Իլյիչ Չայկովսկու՝ լարային նվագախմբի համար գրված Սերենադը դո մաժոր, Op. 48։


Поделиться
Класс
Լրահոս