Նորություններ

photo-61_Y3T77.jpg
05 09 2026

Գյուրջիևի և հայ միջնադարյան հոգևոր ու ծիսական երաժշտության երկխոսությունը՝ Կամերայինում 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 4-ին կայացել է «Գյուրջիև և հայ միջնադարյան հոգևոր և ծիսական երաժշտություն» խորագրով համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Գյուրջիև անսամբլի մասնակցությամբ։

Համերգային ծրագիրը միավորել է հայազգի մտավորական, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի երաժշտական ժառանգությունը, հայ միջնադարյան հոգևոր երգարվեստն ու հայկական ավանդական ծիսական երաժշտության նմուշները։

Համերգը ղեկավարել է Գյուրջիև անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը, ով հանդիսանում է նաև ծրագրում ներկայացված ստեղծագործությունների գործիքավորումների հեղինակը։

Համերգի մեկնարկին Լևոն Էսկենյանը խոսել է Գյուրջիևի կյանքի և ստեղծագործական ուղու այն դրվագների մասին, որոնք առնչվում են հայկական երաժշտական մշակույթին։ Իր խոսքում նա անդրադարձել է նաև ծրագրի գաղափարական հենքին ու ստեղծագործական առանձնահատկություններին։

Երեկոյի ընթացքում Գյուրջիևի ստեղծագործություններից հնչել են «Պիթիա», «Քրիստոսի հարությունը», «Ընթերցում մի սրբազան գրքից», «Օրհներգ մի մեծ տաճարից» և այլ գործեր։

Հայ միջնադարյան հոգևոր երաժշտությունը ներկայացվել է Խաչատուր Տարոնեցու, Գրիգոր Պահլավունու և Սբ. Ներսես Շնորհալու ստեղծագործություններով՝ Կոմիտասի և Մակար Եկմալյանի մշակումներով։ Ծրագրում ներառվել են «Խորհուրդ խորին», «Ով զարմանալի», «Առաւօտ լուսոյ», «Ամէն, Հայր Սուրբ» և հոգևոր երգարվեստի այլ նմուշներ։

Ներկայացվել են նաև հայկական ավանդական երաժշտության գործեր՝ «Սահարի» (Արևագալի), Մուսա Լեռան ավանդական «Չալմը դանգը» պարեղանակը և «Գորանի – Թամզարա» ստեղծագործությունը։

Համերգը հայկական երաժշտական ժառանգությունը նորովի ներկայացնելու և հանրահռչակելու ևս մեկ հնարավորություն էր՝ միավորելով միջնադարյան հոգևոր երաժշտությունը, ավանդական երաժշտական մշակույթն ու ժամանակակից կատարողական մեկնաբանությունը։


Поделиться
Класс
Լրահոս