Ապրիլի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, դիրիժոր Յարոսլավ Բիչկովի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդիսատեսին կներկայացնեն Յոհաննես Բրամսի նշանավոր ստեղծագործությունը՝ «Գերմանական ռեքվիեմ»-ը։
Երևանյան հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա ունկնդրելու 19-րդ դարի հոգևոր-խորալային երաժշտության գլուխգործոցներից մեկը։ Գրված 1865–1868 թվականներին՝ կոմպոզիտորի մոր և նրա մտերիմ ընկեր ու ուսուցիչ Ռոբերտ Շումանի մահվան ազդեցությամբ, «Գերմանական ռեքվիեմ»-ը համարվում է Բրամսի ամենախորքային և մարդասիրական ստեղծագործություններից մեկը։ Այն կազմված է յոթ մասից և առաջին անգամ ամբողջական հնչել է 1869 թվականին Լայպցիգում։
Ստեղծագործության առանձնահատկությունն այն է, որ այն գրված է ոչ թե լատիներեն պատարագի տեքստերով, այլ Մարտին Լյութերի գերմաներեն Աստվածաշնչից ընտրված հատվածներով:
Յոթ մասից բաղկացած այս լայնածավալ ստեղծագործությունը (մոտ 65–80 րոպե) Բրամսի մարդասիրական խոր մտորումն է կյանքի անցողիկության, ցավի և մխիթարության մասին։ Կոմպոզիտորը նույնիսկ նշել է, որ «գերմանական» բառը սիրով կփոխարիներ «մարդկային»-ով՝ ընդգծելով ստեղծագործության համամարդկային ուղերձը։
Կատարողներ՝
Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան
«Հովեր» պետական կամերային երգչախումբ
Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան
Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով
(Terra Incognita Orchestra-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար)
Մենակատարներ՝
Աշոտ Ղանթարջյան. բարիտոն
Նվարդ Հովակիմյան. սոպրանո
Ծրագրում՝
Յոհաննես Բրամս. «Գերմանական ռեքվիեմ», Op. 45
• Selig sind, die da Leid tragen (Երանի նրանց, ովքեր սգավոր են)
• Denn alles Fleisch, es ist wie Gras (Քանզի ամեն մարմին նման է խոտի)
• Herr, lehre doch mich (Տեր, սովորեցրու ինձ)
• Wie lieblich sind deine Wohnungen (Որքան սիրելի են Քո բնակարանները)
• Ihr habt nun Traurigkeit (Այժմ դուք տխուր եք)
• Denn wir haben hie keine bleibende Statt (Քանզի մենք այստեղ մնայուն քաղաք չունենք)
• Selig sind die Toten (Երանի մեռելներին)
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120






